Կապ

______________// Նորություններ

Ինչպե՞ս զանգվածային հաղորդակցության միջոցների օգնությամբ հասնել լայնածավալ ազդեցության։ Հաջողված փորձի օրինակ

05.12.2019 0

Շերի Ուեստին, «Սոցիալական ազդեցություն և բարեգործություն, Սեզամ հաղորդաշար», նախագահ, Նյու-Յորք, ԱՄՆ

 

  • Իր 50-ամյակի տարեդարձին «Սեզամի փողոց» մանկական հաղորդաշարը աշխարհի ամենամեծ ոչ պաշտոնական մանկավարժն է:
  • «Սեզամի փողոցի» միջազգային տարբերակները ստեղծվում են տեղական գործընկերների տրամադրած տվյալների և ճշգրիտ հետազոտությունների արդյունքների հիման վրա:
  • Ռադիոյից մինչև YouTube՝ ԶՀՄ-ները վաղ տարիքի երեխաների կրթության լայն տարածումն ապահովող մատչելի և ծախսարդյունավետ ճանապարհ են դառնում:

 

Ամեն ինչ սկսվեց մի պարզ, բայց հեղափոխական գաղափարից. օգտագործել հեռուստատեսությունը՝ օգնելու ոչ նպաստավոր պայմաններում ապրող երեխաներին սովորել, որպեսզի նրանք կարողանային նախապատրաստվել դպրոցին նույնքան լավ,  որքան իրենց առավել բարենպաստ պայմաններում ապրող հասակակիցները: Հիսուն տարի անց «Սեզամի փողոց» հաղորդաշարը հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ  դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:

1969 թվականին «Սեզամի փողոցի» ստեղծումից ի վեր, փոփոխությունների մեր տեսությունը նույնն է մնացել. եթե կրթության հասանելիությամբ  է որոշվում սերնդի ապագան, ապա լայն լսարանին կրթական բովանդակություն մատուցող հաղորդակցության միջոցները կարող են կյանքի փոփոխության հնարավորություն ընձեռել նրանց: Ու թեև «Սեզամի փողոցը» ստեղծվել էր ԱՄՆ-ում ապրող երեխաների համար, շուտով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Գերմանիան և Մեքսիկան, նույնպես ցանկացան իրենց երեխաների համար օգտագործել ուսուցման և զվարճանքի համատեղման այս նորարարական մոտեցումը: Կերպարների համընդհանուր գրավչության շնորհիվ «Սեզամի փողոցի» տիկնիկները սահմաններ հատելու յուրահատուկ կարողություն ունեին, և հաղորդաշարի հեղինակները հասկացան, որ իրենց մոդելը կարող է ընդլայնվել՝ հասանելի դառնալով աշխարհի նաև այլ՝ նվազ ռեսուրսներ ունեցող շրջաններում ապրող և որակյալ վաղ կրթության այլ հնարավորություններ չունեցող երեխաներին։

 

Այսօր Աֆղանստանի, Բանգլադեշի և Հնդկաստանի նման երկրներում մենք ստեղծում ենք «Սեզամի փողոցի» լիովին տեղայնացված տարբերակներ. աշխատելով տեղական գործընկերների հետ՝ բովանդակությունը հարմարեցնում ենք տվյալ տարածքի լեզվին և մշակույթին, ընտրում ենք այնպիսի կերպարներ ու պատմություններ, որոնք հասկանալի կլինեն տեղացի երեխաներին: Միջազգային համատեղ արտադրանքը պահպանում է «Սեզամի փողոցի» մոդելը և հիմնական կրթական նպատակները, բայց յուրաքանչյուր երկրի համար ստեղծվում է ուսումնական հատուկ ծրագիր՝ հարմարեցնելով տվյալ երկրի երեխաների առանձնահատուկ կարիքներին:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ անկախ միջավայրից՝ զանգվածային հաղորդակցության միջոցներն ու տիկնիկները վաղ տարիքի երեխաների համար բարձրորակ ուսումնառություն ապահովելու հզոր միջոցներ են: Հաղորդաշարի դրական ազդեցությունը հաստատվել է ավելի քան հազար հետազոտության միջոցով: Երեխաների զարգացման վրա «Սեզամի փողոցի» ազդեցության վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ Հարավային Աֆրիկայից մինչև Բանգլադեշ 15 երկրում, հետազոտությունների ու մետա- վերլուծության արդյունքում ծրագրի ազդեցությունը եղել է 0.29 միավորով ավելի բարձր՝ զարգացող երկրներում իրականացված վաղ մանկության զարգացման  այլ ծրագրերի համեմատությամբ (Mares and Pan, 2013):  Ծրագրի ազդեցության բազմաթիվ գնահատումները հավաստում են նաև «Սեզամի փողոցի» տեղայնացված բովանդակության դրական ազդեցությունը երեխաների ուսումնական ամենատարբեր արդյունքների վրա, ներառյալ՝ առողջ ապրելակերպը, գրաՃանաչությունը, մաթեմատիկան և դրական սոցիալական վարքը:

 

Զանգվածային լրատվամիջոցներն ինքնին օժտված են ազդեցության լայնածավալությամբ, սակայն, մենք սահմանել ենք հասանելիության և ազդեցության համար անհրաժեշտ երեք բաղադրիչ. հետազոտություն, տարածում և գործընկերներ։ Նախ, այն ամենը, ինչ մենք անում ենք, հիմնվում է ուսումնասիրությունների և ընթացիկ փորձարկումների վրա: Երկրորդ, մենք պետք է ուսուցումը հասցնենք բոլորին, ինչը նշանակում է գտնել բովանդակության տարածման ստեղծագործական մեթոդներ՝  այն հասցնելու համար երեխաներին, որտեղ էլ որ նրանք լինեն: Ի վերջո, ճիշտ գործընկերներ գտնելը առանցքային է բնակչության առավել խոցելի խավերին ծառայելու համար:

 

Մեր մեթոդաբանությունը. «Սեզամի» գործընթացը

 

«Սեզամի փողոց» հաղորդաշարը միշտ կենտրոնացել է երեխաների ամենավաղ տարիքի վրա, երբ հնարավոր է առավելագույն արդյունքի հասնել: Բովանդակությունը ստեղծելիս մենք ընդգրկում ենք երեխայի տեսանկյունից նույնիսկ ամենաբարդ խնդիրները: Եվ այն ամենը, ինչ անում ենք, կատարվում է ճշգրիտ, հետազոտությունների վրա հիմնված գործողություններով:Ինչպես հաճախ ասում է հաղորդաշարի համահիմնադիր Ջոան Գանզ Կունին՝ «Առանց հետազոտությունների չէր լինի նաև «Սեզամի փողոցը»»:

 

Հետազոտությունների օգնությամբ մենք կապ ենք ստեղծում հաղորդումների բովանդակության և երեխաների կարիքների միջև: Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է մանրակրկիտ վերլուծությամբ. ի՞նչ  առանձնահատուկ խնդիրների են բախվում այն երեխաները, ում ուզում ենք հասցնել մեր ասելիքը: Որտե՞ղ և ինչպե՞ս կարող է «Սեզամը» բացառիկ դեր կատարել: Դրան հաջորդում է հանդիպումը տեղական մասնագետների հետ, այդ թվում՝ մանկավարժների և ՎՄԶ մասնագետների, որոնք խորհուրդներ են տալիս, թե ինչպես մշակել տեղական առանձնահատկություններին և մշակույթին համահունչ ուսումնական ծրագիր՝ չափելի ուսումնական նպատակներով:

 

Այնուհետև բովանդակության արտադրության բաժինը, օգտվելով ընթացիկ հետազոտությունների արդյունքներից և տվյալներից, ուղղորդում է այն գրողներին, նկարիչներին և կատարողներին, ովքեր կյանքի են կոչում «Սեզամի» յուրաքանչյուր ծրագիրը: Ծրագրի կամ նախաձեռնության թողարկումից հետո էլ իրականացնում ենք արդյունքների հետազոտություն և լսարանի վրա ազդեցության գնահատում՝ հասկանալու համար, թե ինչն է գործում և ինչը`ոչ: Այս գործընթացը կրկնվում է պարբերաբար՝ նպատակ ունենալով անընդհատ կատարելագործվել։ «Սեզամի փողոցի» յուրաքանչյուր եթերաշրջանը մենք դիտարկում ենք որպես մի նոր փորձարկում՝ չափման, սովորելու և կրկնության մշտական շղթայի մի նոր օղակ:

 

Այս գործընթացն իրականացվում է Սիրիական ճգնաժամի հետևանքով տուժած փախստականների երեխաներին  վաղ  կրթություն  տրամադրելու մեր ծրագրի շրջանակներում՝ Փրկության միջազգային կոմիտեի (ՓՄԿ) հետ համատեղ: Այս ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Բաց հասարակության հիմնադրամների» աջակցությամբ: 2017 թ-ին «ՄըքԱրթուր» հիմնադրամը 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ տրամադրեց «Սեզամ» հաղորդաշարին և ՓՄԿ-ին՝ մեր ծրագիրն ընդլայնելու և մարդասիրական օգնության պատմության մեջ վաղ մանկության զարգացման ամենախոշոր ծրագիրն իրականցնելու համար: Զանգվածային հաղորդակցության միջոցների հնարավորությունների, «Սեզամի փողոցի»՝ «Ահլան Սիմսիմ» արաբալեզու նոր տարբերակի, ինչպես նաև առավել խոցելի երեխաների համար ուղղակի, հասցեական ծառայությունների մատուցման շնորհիվ մենք հասանելի կդարձնենք որակյալ վաղ ուսուցումը Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Սիրիայի միլիոնավոր երեխաների և ընտանիքների համար:

 

«Սեզամի փողոց» հաղորդաշարը հասանելի է 150 երկրի երեխաների,
ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել
տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր
սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում:

 

Հիմնվելով Հորդանանում իրականացված փորձնական ծրագրի ուսումնասիրության արդյունքների վրա՝ որպես  ծրագրի  թիրախ ընտրված երկրներում մենք սկսեցինք փախստականների և հյուրընկալող համայնքների ընտանիքների կարիքների գնահատումից, խորհրդակցեցինք տեղական փորձագետների հետ`տեղական մշակույթին համապատասխան ուսումնական ծրագրերի պլանավորման համար: Հետազոտությունները հնարավորություն տվեցին հարմարեցնել «Սեզամի» նյութերը՝ մանկական պատմվածքները, պաստառները, տեսահոլովակները, որոնք ներառված էին ՓՄԿ-ի նախադպրոցական խմբերի, առողջապահության կենտրոնների, տնային այցելությունների և այլ ծրագրերում: 2019 թ-ի աշնանային նոր՝ «Սեզամ» հեռուստածրագրի՝ «Ահլան Սիմսիմի» մեկնարկին ընդառաջ կատարվեցին ծավալուն հետազոտություններ, փորձարկումներ  և աշխատանք խորհրդատուների հետ, ինչի արդյունքում տվյալներ ստացանք ամեն ինչի մասին՝ սկսած մեր կրթական հարցերի շրջանակից մինչև մեր նոր տիկնիկային կերպարների ձևավորումը։

 

Մեր ծրագիրը ստեղծված է որպես լայնածավալ տարածման մոդել: Որպես մեր գործունեության անկախ գնահատող՝ մեր ծրագրերի և կրթական մոտեցումների հաջողությունը չափելու համար ընտրել ենք Նյու Յորքի համալսարանի Global TIES for Children կազմակերպությունը, որը  տարիներ շարունակ ապացույցների վրա հիմնված հետազոտություններ և գնահատման ծրագրեր է իրականացնում: Հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում վաղ կրթության ոլորտում հետազոտությունների պակասը՝ ամփոփիչ հետազոտությունը մեր ծրագրի կարևոր արդյունքը կլինի: Համալսարանի կողմից նախատեսած հինգ ճշգրիտ գնահատումները կկրկնապատկեն առկա ապացույցների բազան այն բանի մասին, թե որոնք  են ճգնաժամային պայմաններում վաղ կրթության ծրագրերի առավել արդյունավետ գրավականները՝ հնարավորություն տալով մյուսներին սովորել մեր աշխատանքից:

 

Անցյալ տարի LEGO հիմնադրամն առաջինն էր, որը արձագանքեց «ՄըքԱրթուր» հիմնադրամի կոչին՝ համարձակ բարեգործական ներդրումների միջոցով վերափոխելու ճգնաժամից տուժած երեխաներին ցուցաբերվող մարդասիրական օգնության համակարգը: Հիմնադրամը 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ տրամադրեց Մյանմայում (ռոհինջա էթնիկ խմբի նկատմամբ իրականացված ցեղասպանության) և Սիրիայում պատերազմի հետևանքով ճգնաժամերից տուժած փախստական ընտանիքների երեխաների համար խաղային մեթոդների հիման վրա ուսումնառություն կազմակերպելու համար: Սիրիացի փախստականներին աջակցող տարածաշրջաններում ՓՄԿ-ի և Բանգլադեշում BRAC-ի հետ համագործակցության միջոցով մենք կզարգացնենք, կփորձարկենք և կբարելավենք տեղահանությունների արդյունքում տուժած երեխաների խաղային ուսումնառության ծրագրերի մոդելները՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով այլ համատեքստերում նույնպես այս աշխատանքի տարածման և վերարտադրման համար:

 

Սովորեցնելու համար պետք է ուսուցումը հասցնել բոլորին

 

Երբ խոսքը կրթության բովանդակությունը երեխաներին տեղերում հասանելի դարձնելու մասին է, անհրաժեշտ է ճկունություն դրսևորել՝ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար: Ծրագրի տարածման իրար նման երկու մոդել գոյություն չունի: «Սեզամի փողոցը» սկսվել է՝ օգտագործելով այն ժամանակ առկա ամենաժամանակակից տեխնոլոգիական միջոցը՝ հեռուստատեսությունը: Թեև մենք այսօր օգտագործում ենք զանգվածային հաղորդակցության (մեդիայի) յուրաքանչյուր հարթակ՝ հեռուստատեսությունից մինչև թվային և բջջային տեխնոլոգիաներ, սակայն երբեմն մեր կարիքն ամենաշատ զգացող երեխաներին հասնելու լավագույն ճանապարհը շատ ավելի ցածր տեխնոլոգիաներ է պահանջում: Անկախ այն բանից, թե ինչ են դրանք՝ փախստականների բնակության վայրերում գտնվող դասասենյակում տեղադրված մարտկոցներով աշխատող պրոյեկտո՞ր, թե՞ Հնդկաստանի ետնախորշերում պատվանդան դարձրած բանջարեղենի սայլ, որի վրա տեղադրված է հեռուստացույց և DVD նվագարկիչ, մենք շարունակաբար գնահատում և ընտրում ենք ամենաարդյունավետ հարթակները` մեր թիրախային լսարանին հասնելու համար:

 

Աֆղանստանում «Սեզամ փողոցի» տեղական տարբերակը՝ «Բաղչ-է- Սիմսիմը», երեխաներին է հասնում հեռուստատեսության, ռադիոյի, YouTube-ի և նույնիսկ անվճար բջջային ծառայության միջոցով, որն ընտանիքներին հնարավորություն է տալիս պարզապես զանգահարել 1234 հեռախոսահամարով և ունկնդրել ծրագրի դրվագները: Համայնքներում կազմակերպվում են կոլեկտիվ դիտումներ, որտեղ հավաքում են հարյուրավոր երեխաներ, խնամակալներ և ուսուցիչներ` ծրագրի տարբեր դրվագները դիտելու և կրթական ուղերձներն ամրապնդող համապատասխան գործնական աշխատանքներին մասնակցելու համար: Մինչև 2017 թվականը 3–7 տարեկան ավելի քան 3,1 միլիոն երեխա է մասնակցել այդ միջոցառումներին:Բացի այդ, «Բաղչ-է-Սիմսիմը» ներգրավում է ոչ միայն երեխաներին. մեր  հանդիսատես  երեխաների ավելի քան 70%-ը հաղորդումները դիտում է ծնողի կամ խնամատարի հետ միասին, ինչն ավելի է խորացնում ուսումնառության արդյունքները:

 

Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է մանրակրկիտ վերլուծությամբ.
ի՞նչ առանձնահատուկ խնդիրների են բախվում այն երեխաները,
ում ուզում ենք հասցնել մեր ասելիքը:

 

Իրական գործընկերներ գտնելը

 

Աշխատելով միայնակ՝ մենք չենք  կարող  մեր  ծառայությունները լայն ծավալներով հասանելի դարձնել դժվար իրավիճակում գտնվող երեխաներին:Ուստի փնտրում ենք համախոհ գործընկերների, ովքեր  նույն արժեքներն են դավանում, լրացնում են մեր ուժեղ կողմերը և տարբեր հմտություններ են ներդնում՝ ապահովելով ավելի մեծ համատեղ ազդեցություն:Աշխատելով տարբեր կազմակերպությունների հետ՝ ՓՄԿ-ից և BRAC-ից մինչև «Վորլդ Վիժն», մենք համագործակցում ենք ուղղակի ծառայություններ մատուցողների հետ` ինտեգրելով «Սեզամի» բովանդակությունը նրանց ամենօրյա  աշխատանքում,  հզորացնելով նրանց որակյալ ռեսուրսներով և բարելավելով նրանց կողմից մատուցվող ծառայությունները: Այսպիսով, օգտագործելով մեր՝ ինչպես նորաստեղծ, այնպես էլ տասնամյակների ընթացքում փորձարկված կրթական նյութերը, մենք օգնում ենք մեր գործընկերներին ընդլայնել իրենց գործունեությունը, ինչպես նաև մեծացնում ենք մեր աշխատանքի ընդգրկումը:

 

ԱՄՆ-ում «Սեզամի փողոցը համայնքներում» ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք ինչպես ազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Head Start-ը, այնպես էլ տեղական սոցիալական ծառայությունների հետ, որոնց միջոցով երեխաների խնամքը ապահովող մեծահասակներին մատչելի են դարնում «Սեզամի» հետազոտությունների վրա հիմնված նյութերը, ընդգրկելով ամեն ինչ՝ ակադեմիական հիմնական գիտելիքներից մինչև երեխաների ֆիզիկական, սոցիալական և հուզական առողջության ապահովումը:Մենք կազմակերպում ենք նաև անվճար վերապատրաստումներ և տրամադրում ենք մասնագիտական զարգացման նյութեր՝ երեխաների իմացական, ֆիզիկական և հուզական ոլորտների զարգացման կարիքները բավարարելու համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ, որոնցով կարող են օգնել երեխաներին և ընտանիքներին հաղթահարելու հատուկ խնդիրները:

 

Մեր ստեղծած նյութերը, օգտագործելով գրավիչ տիկնիկների ազդեցության ուժը, զարգացնում են երեխաների՝ դժվարություններ հաղթահարելու հմտությունները, խթանում են կապերի ամրապնդումը երեխաների և հոգատար մեծահասակների՝ ծնողների, ուսուցիչների կամ սոցիալական աշխատողների միջև:Սա այն դեպքն է, երբ «Սեզամի» ծրագրում մեր ասելիքի կանխամտածված հղումը նաև մեծահասակներին լրացուցիչ առավելություն է տալիս մեզ: «Սեզամի փողոցի» հեղինակները հավատում են, որ երեխայի ուսումնառությունն ավելի խորն է լինում, երբ մեծահասակները երեխայի հետ միասին են դիտում հաղորդումները: Ուստի մենք հաղորդումներում ներառում ենք նաև մեծահասակների համար գրավիչ հումոր, հանրահայտանձանց մասնակցություն, ինչպես նաև նմանակումներ: Մեր հաղորդումների բովանդակությունը կարող է աշխատանքի գործիք դառնալ երեխաների ծնողների կամ այլ ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև մեծահասակի և երեխայի հարաբերություններն ակտիվացնող խթան՝ ավելի խորացնելով մեր ծրագրերի ազդեցությունը տեղերում աշխատող գործընկերների օգնությամբ:

 

Եզրակացություն

 

«Սեզամի փողոցի» հիմնադիրները ինչ-որ ժամանակ իրենց հարց են տվել, արդյո՞ք հնարավոր է հեռուստատեսության միջոցով անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական կրթությանը պատշաճ նախապատրաստվելու հնարավորություն ապահովել: Հիսուն տարի անց մենք ապացուցեցինք, որ զանգվածային հաղորդակցության միջոցները կարող են բարձրորակ վաղ կրթությունը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: Զանգվածային հաղորդակցության միջոցները եղել ու մնում են վաղ տարիքում երեխաների կրթության տարածման առավել ծախսարդյունավետ միջոցը, ավելին, նրանք մեծահասակ-երեխա կարևորագույն կապի ամրացման հզոր խթան են դառնում, որը նպաստում է ուսումնառության շարունակմանը նաև էկրանից դուրս: Երբ մեծահասակները խաղում և շփվում են երեխաների հետ «Սեզամի» բովանդակության շրջանակներում, նրանց շարունակական ներգրավվածությունը ընդլայնում է մեր կրթական ազդեցությունը բովանդակային տեսանկյունից: Այսպիսով, շարունակելով հավատարիմ մնալ մեր առաքելությանը՝ օգնել երեխաներին մեծանալու ավելի խելացի, ուժեղ  և  բարի, ինչպես նաև հիմնվելով մեր փորձարկած մեթոդաբանության և ամուր համագործակցության վրա, մենք կշարունակենք ԶՀՄ-ների միջոցով լայնորեն տարածել վաղ մանկության կրթությունը՝ այն հասցնելով աշխարհի բոլոր երեխաներին հաջորդ հիսուն տարիներին և դրանից հետո:

 

Երբ խոսքը կրթության բովանդակությունը երեխաներին տեղերում
հասանելի դարձնելու մասին է, անհրաժեշտ է ճկունություն դրսևորել՝
ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար:
Ծրագրի տարածման իրար նման երկու մոդել գոյություն չունի:

Գտեք այս հոդվածը առցանց earlychildhoodmatters.online/2019-15

ՀՂՈՒՄՆԵՐ

Mares, M.-L. and Pan, Z. (2013). Effects of Sesame Street: a meta-analysis of children's learning in 15 countries. Journal of Applied Developmental Psychology 34(3): 140–51. Available at: https://dx.doi.org/10.1016/j.appdev.2013.01.001 (accessed February 2019).

 

«Վաղ մանկության կրթության խնդիրները» ամսագրում տպագրված «Ինչպես զանգվածային հաղորդակցության միջոցների օգնությամբ հասնել լայնածավալ ազդեցության. հաջողված փորձի օրինակ» հոդվածի հայերեն հրատարակումը իրականացվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» (ՄԸ) գործընկերային նախաձեռնությամբ և համագործակցելով «Քայլ առ քայլ ՄԸ» անդամ Հայաստանի «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ։

______// Կարդացեք նաև

blog

Հանդիպում Գեղասար համայնքում

2022 տարեսկզբին հանդիպում ծանոթություն ունեցանք Գեղասար համայնքի բնակիչների հետ: Խնդիր կար նախադպրոցական կառույցի մասնագետների ներգրավման: Անդամակցեցին համայնքի բնակիչներ, ովքեր կանցնեին համապատասխան վերապատրաստում:


01.01.2022
0
blog

«Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիր

«Վաղ մանկության կրթության խնդիրներ» (Early Childhood Matters) միջազգային ամսագիրը նվիրված է վաղ տարիքի երեխաների զարգացման խնդիրներին։ Ամսագրի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, ուսումնասիրել այդ ոլորտի լավագույն փորձը և այդ մասին տեղեկացնել հանրությանը՝ ոգեշնչելով ու նպաստելով դրանց տարածմանը։

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը արդեն երկրորդ տարին Հայաստանում ներկայացնում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից հրատարակվող «Վաղ մանկության կրթության խնդիրներ» միջազգային հանդեսը։

Մեր ծրագրի շրջանակներում այս անգամ էլ հայերեն են թարգմանվել ամսագրի 2020 թվականի համարի մի քանի հրապարակումները։

Նախաձեռնելով դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ (ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք) մենք նպատակ ունենք ոչ միայն տեղեկություններ տրմադրել մեր լսարանին ամսագրի մասին, այլ նաև ծանոթացնել միջազգային փորձին և քննարկել նման փորձ նաև Հայաստանում ներդնելու հնարավորությունները։

Քննարկման համար ներկայացնում ենք աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։

  • Ինչպես կորոնավիրուսային համաճարակը (Covid-19) արագացրեց փոփոխությունները.  Նորամուծություններ ծնողների հետ աշխատանքում. Իսրայել
  • Կլիմայական փոփոխությունները և վաղ մանկության զարգացումը. գտնել լավագույն համադրությունը
  • Քաղաքներում վաղ մանկության ծառայությունների ընդլայնում. Ուրբան 95-ի (Urban95) չորս դեպքերի ուսումնասիրության դասերը

01.03.2022
0
blog

Ինչպես կորոնավիրուսային համաճարակը արագացրեց փոփոխությունները

Հոդվածը ներկայացնում է Իսրայելի  օրինակը.

  • «Քովիդ-19 համավարակը սկսվեց «Իսրայելի բուժքույրերի առաջնորդության ծրագրի» համար ամենաանհարմար ժամանակ: Ծրագրի նպատակն էր` զարգացնել վաղ մանկության առողջապահական կենտրոնների (« Տիպատ Հալավ») հնարավորությունները՝ բավարարելու համար ծնողների պահանջները և խթանելու դրական ծնողավարման հմտությունները:
  • «Քանի որ համաճարակը ստիպեց չեղարկել դեմ առ դեմ հանդիպումները, մենք երկընտրանքի առջև կանգնեցինք: Մի կողմից զգում էինք, որ շատ կարևոր է ծրագրի ընթացքի շարունակականության պահպանումը, մյուս կողմից նաև հասկանում էինք, որ «նորարարական լաբորատորիան» անձնական հանդիպումներ է ենթադրում: Մեզ համար դժվար էր պատկերացնել, որ այդ աշխատանքը նույն հաջողությամբ կարող էր նաև առցանց կազմակերպվել»:
  • Իսայելում նորածիններին սպասարկող բուժքույրերը նախաձեռնել էին նաև հանդիպումներ ծնողների հետ ZOOM հարթակում: Աստիճանաբար մեծանում էր ծնողական խմբերի քանակը, ում համար կազմակերպվում էին առցանց հանդիպումներ, որոնք առցանց վեբինարների, հանդիպումների և թերապիայի ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն էին կազմում: Հանդիպումները սովորաբար որոշակի կառուցվածք ունեին և ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են ծնող-երեխա կապվածությունը, կրծքով կերակրումը, երեխաների զարգացման խթանումը խաղի միջոցով, կոշտ սննդի ներմուծումը, նույնիսկ առաջին օգնության դասընթացներ էին կազմակերպվում:

Ավելի մանրամասն կարդացեք հոդվածը:

https://www.sbsbf.am/myfiles/files/2.How-Covid-19-Accelarate-change_Arm-txt.pdf


25.05.2020
0