Կապ

______________// Նորություններ

Մտավոր կապիտալի ստեղծում՝ հանուն Չինաստանի պայծառ ապագայի։ Վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագրի փորձարկում

06.04.2019 0

Սյուֆենգ Չեն, Կրթության մասնագետ

Քի Ժաո, Կրթության պատասխանատու, ՅՈՒՆԻՍԵՖ, Չինաստան Պեկին, Չինաստան

  • Քաղաքակենտրոնացումը (ուրբանացումը) և ներքին միգրացիան Չինաստանի գյուղական համայնքներում ապրող փոքր երեխաների առջև ծառացած մարտահրավերներից են:
  • ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և Կանանց համաչինական ֆեդերացիան հաջողությամբ փորձարկել են վաղ մանկության զարգացման համայնքային կենտրոնների մոդելը:
  • Երկու նահանգներում պարտավորվել են ընդլայնել այդ մոդելի մասշտաբները՝ հուսալով, որ այն համընդհանուր տարածում կգտնի երկրի ներսում:

 

Վերջին տարիներին Չինաստանի կառավարությունը քաղաքական և ֆինանսական զգալի պարտավորություններ է ստանձնել` 3-6 տարեկան երեխաներին դպրոցին նախապատրաստելու համար, հատկապես գյուղական վայրերում: Այնուամենայնիվ, ավելի քիչ ուշադրություն է հատկացվել մինչև 3 տարեկան երեխաների վաղ զարգացման խթանմանը, խնամքին և օժանդակությանն ուղղված ծրագրերի բարելավմանն ու ընդլայնմանը: Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ զգալիորեն ցածր է 3 և 4 տարեկան 6,6 միլիոն չինացի երեխաների իմացական և (կամ) սոցիալ-հուզական զարգացման մակարդակը, ինչը վկայում է վաղ մանկության տարիքից համապատասխան խնամքի և զարգացման խթանմանը նպատակաուղղված աշխատանքների ակնհայտ ձախողման մասին (ՄքՔոյ և այլք, 2016):


Գյուղական և հեռավոր բնակավայրերում մինչև 3 տարեկան երեխաների համար առողջության պահպանման առաջնային  կենտրոններից  (պոլիկլինիկաներից) բացի՝ շատ քիչ ծառայություններ կան: Քաղաքային բնակավայրերում գործող վաղ  մանկության զարգացման մասնավոր կենտրոնների ծառայություններն էլ աղքատ կամ գաղթական բնակչության համար հաճախ մատչելի չեն ֆինանսական առումով: Նման կենտրոններում երեխաների խնամքն և վաղ զարգացումը խթանելու համար տարիքին համապատասխան նյութերը սովորաբար բավարար չեն լինում, իսկ խնամատարները լինում են ցածր որակավորմամբ, բավարար վերապատրաստումներ չանցած և   երեխայի զարգացման վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցող: Չկան նաև վաղ մանկության զարգացման ծառայությունների համար հաստատված չափորոշիչներ կամ պետական քաղաքականության ուղենիշներ:

 

Երկրում արագ ընթացող քաղաքակենտրոնացումը, արդյունաբերականացումը և զանգվածային ներքին միգրացիան լուրջ մարտահրավեր են խոցելի և անապահով խավերի երեխաների կյանքի, զարգացման և պաշտպանության համար:Դրանց թվում են թե՛ այն երեխաները, որոնց ծնողները մեկնել են արտագնա աշխատանքի՝ թողնելով նրանց ընտանիքի մյուս անդամների խնամքին, թե՛ ծնողների հետ արտագաղթած երեխաները, ինչպես նաև արևմտյան նահանգների գյուղական վայրերում ապրող էթնիկ փոքրամասնությունների երեխաները: Այս մարտահրավերներին գումարվում և իրավիճակն է՛լ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ երեխաների սոցիալ-հուզական զարգացման և հաղորդակցական կարողությունների (այսպես կոչված՝ «նուրբ հմտությունների») կարևորության մասին ծնողների և այլ խնամատարների համար չկան ուղղորդող և տեղեկատվական նյութեր: Մինչդեռ այդ գիտելիքներն ավելի օգտակար են երեխայի հետագա կրթական հաջողությունների համար, քան վաղ տարիքից հաշվելու և տառերը ճանաչելու կարողությունը, ինչի վրա սովորաբար կենտրոնանում են ծնողներն ու խնամատարները։

 

Փորձնական ծրագիրը

 

2013 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Կանանց համաչինական ֆեդերացիայի հետ, փորձարկել է մի համայնքային ծրագիր՝ խոցելի խավերի մինչև 3 տարեկան երեխաների համար Չինաստանի վեց նահանգների (Հունան, Հուբեյ, Հեբեյ, Սինցզյան, Շանսի և Գույչժոու) 146 գյուղերում կամ համայնքներում: 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրում ընգրկվել է ընդհանուր թվով 38.528 երեխա և 46.063 խնամատար, ինչպես նաև վերապատրաստվել են 304 համայնքային կամավորներ` համայնքի վաղ մանկության զարգացման կենտրոններում ծառայություններ մատուցելու համար:

 

Փորձնական ծրագրի նպատակն էր՝ կառավարման մարմիններին ցույց տալ վաղ մանկության զարգացման ինտեգրված ծառայությունների մանրամասն մշակված, ծախսարդյունավետ և աշխատող մի մոդել` կրթական քաղաքականության համապարփակ համակարգով, որը կապակցվում է տարբեր ծրագրերի հետ՝ համապատասխան ֆինանսական հատկացումներով: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ամրապնդել է ծնող-երեխա հարաբերությունների, շփման, ինչպես նաև երեխաների դաստիարակության ու խնամքի որակը հետևյալ միջոցներով.

  • Ազգային և նահանգային մակարդակներում ստեղծել մինչև 3 տարեկան երեխաների համար վաղ մանկության համայնքային ծրագրեր մշակող փորձագիտական խմբեր` տեղական մակարդակում նախապես ստեղծելով ինտեգրված ծառայություններ մատուցելու հմտություններ ունեցող աշխատանքային խմբեր:
  • Զարգացնել իգական սեռի աշխատողների և կամավորների գիտելիքներն ու հմտությունները վաղ մանկության զարգացման վերաբերյալ։
  • Համայնքային մակարդակում ինտեգրված ծառայությունների մոդել ձևավորելու համար ինտեգրել համայնքային ռեսուրսները՝ դրանք ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:
  • Մշակել և պատրաստել մատչելի տեղեկատվություն, մեթոդներ, գործիքներ և նյութեր՝ նպաստելու համար երեխաների վաղ զարգացման կարիքների մասին խնամատարների տեղեկացվածության բարձրացմանը:
  • Իրականացնել քարոզչական, գովազդային գործունեություն՝ մշակված և փորձարկված մոդելի կրկնօրինակման և տարածման նպատակով:

 

Սկզբնապես մոդելը կենտրոնացած էր համայնքում այդ նպատակով հատկացվող տարածքում վաղ մանկության զարգացման կենտրոնի ստեղծման վրա, որտեղ երեխաների հետ կարող են հաճախել ծնողները կամ խնամատարները, որոնք հաճախ այն երեխաների տատիկ-պապիկներն են, որոնց ծնողները մեկնել են արտագնա աշխատանքի: Տեղական համայնքի վերապատրաստված կամավոր մանկավարժները, այդ թվում՝ նաև այն մանկավարժը, որն աշխատում է լիարժեք հաստիքով, շաբաթը հինգ օր աշխատում են կենտրոնում` ապահովելով նյութեր ազատ խաղերի համար և ստեղծելով երեխայի զարգացումը խթանող միջավայր: Համագործակցելով տեղական առողջապահական, սոցիալական ապահովության և երեխաների պաշտպանության ծառայությունների հետ, ՎՄԶ կենտրոններում խնամատարների  և  երեխաների համար կազմակերպվում են խմբային պարապմունքներ, ինչպես նաև ծնողական կրթության դասընթացներ՝ զարգացման (երբեմն ենթադրվող) հապաղումներ ունեցող երեխաների և այն ընտանիքների համար, որոնք սոցիալական աջակցության կարիք ունեն։

 

«Կենտրոնները համագործակցում են տեղական առողջապահական
հաստատությունների, սոցիալական ապահովության և
երեխաների պաշտպանության ծառայությունների հետ
և կարող են ուղղորդող դեր կատարել»

 

Կամավորներն ամեն շաբաթ տնային այցեր են կատարում՝ անհատական ծառայություններ մատուցելու համար աջակցության կարիք ունեցող ընտանիքներին, ինչպես նաև տնային խաղային խմբեր են ստեղծում իրար մոտ գտնվող այն գյուղերում, որտեղ կենտրոն չկա:

 

Փորձնական ծրագրի ընթացքում ծրագրի իրականացմանն օժանդակելու համար մշակվել են մի շարք նյութեր և ռեսուրսներ՝ ներառյալ վերապատրաստման փաթեթներ կամավորների, ուսուցիչների և մենեջերների համար, ուսուցողական նյութեր ծնողական համացանցային պորտալի և բջջային հեռախոսների ծրագրի համար, ուսումնառությանը և համատեքստին համապատասխան խաղային նյութեր և երեխաների համար ընթերցանության նյութեր, ինչպես նաև գործնական միջոցներ ու դրանց կիրառման ուղեցույցներ՝ կենտրոնների և նախադպրոցական հաստատությունների հարմարությունները և ֆիզիկական միջավայրը բարելավելու համար:

 

Իրականացվում էին տարատեսակ նախաձեռնություններ՝ կառավարման, համակարգման և մինչև 3 տարեկան երեխաների համար ինտեգրված ծառայությունների մատուցման կարողությունների հզորացման նպատակով: Թիրախավորված վերապատրաստվողների թվում ընդգրկվել էին վաղ մանկության զարգացման կենտրոններում աշխատող կամավորներ, ծնողներ և խնամատարներ, երեխաների խնամքի ու սոցիալական ապահովման և առողջապահական ծառայություններ մատուցողներ, ինչպես նաև ծրագիրը փորձարկող համայնքների ղեկավարներ: Փորձնական ծրագիրն իրականացնող բնակավայրերում վաղ տարիքի երեխաների հետ աշխատող հասարակական կազմակերպություններին աջակցում էին՝ խորացնելու համար երեխայի զարգացման վերաբերյալ նրանց գիտելիքներն ու հմտությունները: Ծրագիրը նախատեսում էր նաև տեխնիկական աջակցություն ավելի բարձր մակարդակի կադրերին, ինչպիսիք են, օրինակ, մեթոդական ռեսուրսներ մշակողները, վերապատրաստող դասախոսներն ու հետազոտողները, ինչը պիտի ապահովեր ծրագրի որակյալ իրականացումը և ծրագրի հետագա արդյունավետ տարածման համար քարոզարշավը։

 

Արդյունքները և քաղած դասերը

 

2016 թվականին իրականացվել է ծրագրի գնահատում փորձնական ծրագիրն իրականացնող նահանգներից երկուսում՝ Շանսի և Գույչժոու, որտեղ Կանանց համաչինական ֆեդերացիան ծրագիրն իրականացրել էր Առողջապահության և ընտանիքի պլանավորման հանձնաժողովի և Քաղաքացիական հարցերի նախարարության հետ համատեղ:

80 գյուղերում իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ զարգացման ենթադրվող հապաղում ունեցող 3 տարեկանից փոքր երեխաների տոկոսը 2016 թվականին 2012-ի համեմատությամբ գրեթե կիսով չափ նվազել էր` 37%-ից հասնելով շուրջ 19%-ի (Ժոու և այլք, 2019):

 

2017 թվականին ևս երեք այլ նահանգների (Հունան, Հուբեյ, Հեբեյ) 60 համայնքներում իրականացված առանձին հետազոտությունը (ՅՈՒՆԻՍԵՖ, 2017) ցույց տվեց, որ խնամատարների 93%-ի ընտանիքներում սկսել են ավելի հաճախ խոսել երեխաների խնամքի և դաստիարակության մասին և քննարկել դրանց հետ կապված հարցերը, 91%-ը նախագծին մասնակցության արդյունքում շատ ավելի երջանիկ էր զգում իրեն, իսկ 90%-ը սկսել էր ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Հետազոտությունը ցույց տվեց նաև, որ ծրագիրը բարելավել է աշխատողների  և կամավորների մասնագիտական գիտելիքներն ու ավելի հստակեցրել նրանց դիրքորոշումները:

 

Երեխաների դաստիարակությանը և խնամքին ուղղված ինտեգրված մոտեցումը լավ է ընդունվել համայնքներում թե՛ ծնողների և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչի մասին վկայում են նման ծառայությունների մատուցման ինտեգրումը բարելավելու և ծրագիրը շարունակելու հարցում համագործակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Հունան նահանգում Կանանց նահանգային ֆեդերացիան, ինչպես նաև կրթության, առողջապահության բաժիններն ու ինը այլ սեկտորները փորձարկված մոդելը ներառեցին իրենց գործողությունների հնգամյա (2016-2020) պլանում, որն ուղղակիորեն պահանջում է, որ նահանգում «ուսումնասիրվի 0-3 տարեկան երեխաների վաղ մանկության զարգացմանը միտված ընտանեկան աջակցության մոդելի ստեղծման հնարավորությունը»:

 

Ըստ Կանանց համաչինական ֆեդերացիայի զեկույցի՝ 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ Հունան և Հեբեյ նահանգների իշխանությունները պարտավորվել են ծրագրի փորձնական փուլի ավարտից հետո լիովին ֆինանսավորել Կանանց համաչինական ֆեդերացիա – ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրով  հիմնադրված  վաղ մանկության զարգացման բոլոր կենտրոնները: Ըստ ստանձնած պարտավորության՝ իշխանությունները մտադիր են առաջիկա տարիներին այս ծրագիրն աստիճանաբար տարածել բոլոր համայնքներում: Պարտավորությունը ներառում է նաև նահանգային ինտեգրված փորձագիտական թիմերի ստեղծում, որոնք կանոնավոր տեխնիկական աջակցություն կապահովեն տեղում: Փորձնական ծրագրի հաջողված արդյունքների հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա պետական գործընկերները պայմանավորվել են համատեղ աշխատել շահառուների հետ անմիջականորեն շփվող վաղ մանկության զարգացման աշխատուժի ստեղծման և ողջ երկրում այս մոդելի տարածման ուղղությամբ:

 

Գտեք այս հոդվածը առցանց earlychildhoodmatters.online/2019-21

ՀՂՈՒՄՆԵՐ

McCoy, D.C., Peet, E.D., Ezzati, M., Danaei, G., Black, M.M., Sudfeld, C.R. et al. (2016). Early Childhood Developmental Status in Low- and Middle-Income Countries: National, Regional, and Global Prevalence Estimates Using Predictive Modeling. PLOS Medicine 14(1): e1002233. Available at: https://journals.plos. org/plosmedicine/article?id=10.1371/journalpmed.1002034 (accessed February 2019).

Unicef. (2017). Early Moments Matter for Every Child. New York: Unicef. Available at: https:// www.unicef.org/publications/index_100862. html (accessed March 2019).

Zhou, S., Zhao, C., Huang, X. Li, Z., Ye, R., Shi, H. et al. (2019). The effect of a community-based, integrated and nurturing care intervention on early childhood development in rural China. Public Health 167: 125–35. Available at: https://doi.org/10.1016/j.puhe.2018.11.010 (accessed March 2019).

 

«Վաղ մանկության կրթության խնդիրները» ամսագրում տպագրված «Մտավոր կապիտալի ստեղծում՝ հանուն Չինաստանի պայծառ ապագայի. վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագրի փորձարկում» հոդվածի հայերեն հրատարակումը իրականացվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» (ՄԸ) գործընկերային նախաձեռնությամբ և համագործակցելով «Քայլ առ քայլ ՄԸ» անդամ Հայաստանի «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ։


______// Կարդացեք նաև

blog

Հանդիպում Գեղասար համայնքում

2022 տարեսկզբին հանդիպում ծանոթություն ունեցանք Գեղասար համայնքի բնակիչների հետ: Խնդիր կար նախադպրոցական կառույցի մասնագետների ներգրավման: Անդամակցեցին համայնքի բնակիչներ, ովքեր կանցնեին համապատասխան վերապատրաստում:


01.01.2022
0
blog

«Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիր

«Վաղ մանկության կրթության խնդիրներ» (Early Childhood Matters) միջազգային ամսագիրը նվիրված է վաղ տարիքի երեխաների զարգացման խնդիրներին։ Ամսագրի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, ուսումնասիրել այդ ոլորտի լավագույն փորձը և այդ մասին տեղեկացնել հանրությանը՝ ոգեշնչելով ու նպաստելով դրանց տարածմանը։

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը արդեն երկրորդ տարին Հայաստանում ներկայացնում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից հրատարակվող «Վաղ մանկության կրթության խնդիրներ» միջազգային հանդեսը։

Մեր ծրագրի շրջանակներում այս անգամ էլ հայերեն են թարգմանվել ամսագրի 2020 թվականի համարի մի քանի հրապարակումները։

Նախաձեռնելով դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ (ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք) մենք նպատակ ունենք ոչ միայն տեղեկություններ տրմադրել մեր լսարանին ամսագրի մասին, այլ նաև ծանոթացնել միջազգային փորձին և քննարկել նման փորձ նաև Հայաստանում ներդնելու հնարավորությունները։

Քննարկման համար ներկայացնում ենք աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։

  • Ինչպես կորոնավիրուսային համաճարակը (Covid-19) արագացրեց փոփոխությունները.  Նորամուծություններ ծնողների հետ աշխատանքում. Իսրայել
  • Կլիմայական փոփոխությունները և վաղ մանկության զարգացումը. գտնել լավագույն համադրությունը
  • Քաղաքներում վաղ մանկության ծառայությունների ընդլայնում. Ուրբան 95-ի (Urban95) չորս դեպքերի ուսումնասիրության դասերը

01.03.2022
0
blog

Ինչպես կորոնավիրուսային համաճարակը արագացրեց փոփոխությունները

Հոդվածը ներկայացնում է Իսրայելի  օրինակը.

  • «Քովիդ-19 համավարակը սկսվեց «Իսրայելի բուժքույրերի առաջնորդության ծրագրի» համար ամենաանհարմար ժամանակ: Ծրագրի նպատակն էր` զարգացնել վաղ մանկության առողջապահական կենտրոնների (« Տիպատ Հալավ») հնարավորությունները՝ բավարարելու համար ծնողների պահանջները և խթանելու դրական ծնողավարման հմտությունները:
  • «Քանի որ համաճարակը ստիպեց չեղարկել դեմ առ դեմ հանդիպումները, մենք երկընտրանքի առջև կանգնեցինք: Մի կողմից զգում էինք, որ շատ կարևոր է ծրագրի ընթացքի շարունակականության պահպանումը, մյուս կողմից նաև հասկանում էինք, որ «նորարարական լաբորատորիան» անձնական հանդիպումներ է ենթադրում: Մեզ համար դժվար էր պատկերացնել, որ այդ աշխատանքը նույն հաջողությամբ կարող էր նաև առցանց կազմակերպվել»:
  • Իսայելում նորածիններին սպասարկող բուժքույրերը նախաձեռնել էին նաև հանդիպումներ ծնողների հետ ZOOM հարթակում: Աստիճանաբար մեծանում էր ծնողական խմբերի քանակը, ում համար կազմակերպվում էին առցանց հանդիպումներ, որոնք առցանց վեբինարների, հանդիպումների և թերապիայի ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն էին կազմում: Հանդիպումները սովորաբար որոշակի կառուցվածք ունեին և ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են ծնող-երեխա կապվածությունը, կրծքով կերակրումը, երեխաների զարգացման խթանումը խաղի միջոցով, կոշտ սննդի ներմուծումը, նույնիսկ առաջին օգնության դասընթացներ էին կազմակերպվում:

Ավելի մանրամասն կարդացեք հոդվածը:

https://www.sbsbf.am/myfiles/files/2.How-Covid-19-Accelarate-change_Arm-txt.pdf


25.05.2020
0