Ս.թ. սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից, Լոռու մարզպետարանից, շահագրգիռ նախարարություններից և այլ գործընկեր կազմակերպություններից:
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Լոռու մարզի Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորում (ՀՖՄ) կազմակերպության կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա և կյանքի է կոչվել տարածքային կառավարման և զագացման նախարարության, ՀՀ ԿԳ նախարարության, Լոռու մարզպետարանի հետ սերտ համագործակցության արդյունքում:
Համայնքի 15 ներկայացուցիչներ վերապատրաստվել են «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ նախադպրոցական ծառայություններում 3-6 տարեկան երեխաների հետ աշխատելու համար։ «Քայլ առ քայլ» հիմնադրամը աջակցել է ծրագրին նաև գյուղերում ծառայությունների կայացման գործում՝ այդ թվում վերանորոգում, կահավորում և ուսումնական նյութերի ու խաղալիքների տրամադրում։
Նախադպրոցական կենտրոնների բացմանը մասնակցում էին նորաբաց կենտրոնների սաները, նրանց ծնողները և գյուղերի բնակիչները:
«Սա մեր գյուղի համար մեծ իրադարձություն է»,- ասաց ծնող Ռուզան Երանոսյանը,- «այսօր իրականացել է գյուղի բնակիչների կարևորագույն երազանքներից մեկը։ Մեր երեխաների համար շատ գրավիչ և ուսուցանող է այս միջավայրը։ Նրանք անչափ երջանիկ են և շատ բան են սովորում»։